Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով հրաժարվել Արցախի հարցով իրենց աղետալի դիրքորոշումից - RadioVan.fm

Онлайн

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով հրաժարվել Արցախի հարցով իրենց աղետալի դիրքորոշումից

2022-04-14 21:19 , Политика, 1418

Արցախի ԱԺ-ն հայտարարություն է ընդունել՝ ՀՀ իշխանություններից պահանջելով հրաժարվել Արցախի հարցով իրենց աղետալի դիրքորոշումից

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը (ԱՀ ԱԺ) այսօր՝ 19:00-ին հրավիրած արտահերթ նիստում, ներկա 32 պատգամավորների քվեարկությամբ միաձայն ընդունել է օրակարգում ընդգրկված Ազգային ժողովի հայտարարությունը։

Հայտարարությունում ասված է.

«Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։

Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել:

Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:

Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:

Արցախահայության անունից դիմում ենք

  • Աշխարհասփյուռ հայությանը` այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի եղբայրների ու քույրերի կողքին:
  • Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։
  • Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը` մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին շահարկել ծագող խնդիրները` որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք:
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափը»։

Лента

Рекомендуем посмотреть