«Նա կրկին ստում է». Սարգսյանի արձագանքը Փաշինյանի հայտարարություններին - RadioVan.fm

Онлайн

«Նա կրկին ստում է». Սարգսյանի արձագանքը Փաշինյանի հայտարարություններին

2022-04-13 22:15 , Политика, 1334

«Նա կրկին ստում է». Սարգսյանի արձագանքը Փաշինյանի հայտարարություններին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստում է և փորձում է մոլորեցնել հանրությանը:

Տարածած հայտարարությունում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել է.

«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս:

Իմ պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում ես երբեք չեմ բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան:

Փուլայինի և փաթեթայինի տարբերության մասին մի քանի անգամ հրապարակային խոսել եմ, նաև հանգամանորեն բացատրել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվիփուլերով:

Թող վերընթերցի տարբեր ժամանակահատվածներում իմ տված հարցազրույցները և որքան էլ իր համար դժվար լինի, հասկանա այդ երկու տարբերակների տարբերությունը և առանձնահատկությունները:

Ի դեպ, վերոհիշյալ թեմայով ասածներս հաստատել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:Էլ չեմ խոսում իր կողմից «կառուցողական» բնորոշված Ալիևի խոստովանությունների մասին»:

Նշենք՝ այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե այն ուժերը, որոնք 1998 թվականին իշխանությունից հեռացրին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ փուլային տարբերակով Ղարաբաղի հարցի լուծման գնալու մտադրության համար, 20 տարի անց հանգել են նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ «հիպերփուլային» լուծման տարբերակ։

«Այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, հանգել է նորից փուլային լուծման, այսինքն՝ 98-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2018-ի հիպերփուլային տարբերակին»,-ասել էր Փաշինյանը՝ ընդգծելով, թե հիմա նախկին իշխանությունները բանակցային չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ, և Սերժ Սարգսյանն անկեղծ էր, երբ ասում էր, որ Հայաստանը պատրաստ էր զիջել 7 շրջանները։

Лента

Рекомендуем посмотреть