Սուրբ Զատիկի ծիսակատարություն՝ ՀՀ-ում ապրող և արարող տեղահանված կանանց հետ - RadioVan.fm

Онлайн

Սուրբ Զատիկի ծիսակատարություն՝ ՀՀ-ում ապրող և արարող տեղահանված կանանց հետ  

2022-04-12 18:08 , Общество, 1776

Սուրբ Զատիկի ծիսակատարություն՝ ՀՀ-ում ապրող և արարող տեղահանված կանանց հետ

Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ)՝ իր գործընկեր «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) հետ համատեղ, «Փախստականների և ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքների իրացումն անվտանգ, բարենպաստ և ապահով միջավայրում» ծրագրի «Համայնքային մոբիլիզացիա» բաղադրիչի շրջանակներում Սուրբ Հարության՝ Զատիկի տոնին ընդառաջ Հայաստանում ապաստանած կանանց համար տոնին հատուկ, գունեղ, համով-հոտով միջոցառում էր կազմակերպել։

Իրաքից, Սիրիայից, Արցախից, Ուկրաինայից տեղահանված տարբեր մշակույթի կրող կանայք` մեկ «գերդաստան» դարձած, մասնակիցը եղան նախազատկական շրջանից մինչև Զատիկն ընկած 7 շաբաթների հրաշալի ծիսակատարությանը։

Մեծ պահք-Ծաղկազարդ-Զատիկ․ «գերդաստան»-ը՝ շրջան կազմած՝ փնջած ձվեր կախեց Կենաց ծառին։

«Խնկենու» տակ «թոռնիկների» գովքն արվեց։

«Նուրի-Նուրի» խաղիկի միջոցով էլ անձրև խնդրեցին, որպեսզի տարին բերրի լինի, երաշտ չլինի։

Միջինքի ծեսով, որը Մեծ պահքի ընթացքը փոքր-ինչ մեղմելու համար է, հայոց կենցաղում ընդունված ձևով բաղարջ «թխվեց», որի մեջ տեղադրված մետաղադրամն, ի դեպ, գտավ իր երջանիկ տիրուհուն։

Նախաքրիստոնեական «Չարխափան» ծեսով էլ բազմաթիվ դժվարությունների միջով անցած տեղահանված կանայք քշեցին վախը, ծուլությունը, պատերազմը, տխրությունն ու հիվանդությունները։

Պահքի 7 շաբաթների ընթացքում պայքարի մեջ էին խորհրդանշական կերպար-տիկնիկները՝ Ակլատիզը կամ Պաս պապը՝ իր յոթ փետուրով, որոնք հանվեցին ամեն շաբաթվա վերջին, և շերեփը ձեռքին Ուտիս տատը, որի հաղթանակով ու հացաթխման արարողությամբ էլ ավետվեց գարնան գալը և Սուրբ Հարության տոնը։

Ծիսակատարության ողջ ընթացքում Հայաստանում ապաստանած կանայք կիսվում էին իրենց հիշողություններով, զուգահեռներ տանում իրենց իմացած ու այդ պահին ցուցադրվող ծիսական, մշակութային խաղերի միջև։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հույզերով ու տպավորություններով լի գեղեցիկ մերձեցման օրն ամփոփվեց անուշ թեյախմությամբ, նվերների հանձնումով։

Նշենք, որ Զատիկի ծիսակատարությունն անցկացվեց ջերմ ու հյուրընկալ «Մամիկ» հյուրատանը՝ «ԿԷԱՆ» կրթամշակութային կենտրոնի մասնագետների կողմից։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть