Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի և Քարագլուխ բարձունքի հատվածում ադրբեջանական կողմի հետքաշման համար Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցությունները շարունակվում են։
Այդ մասին Մարտակերտ քաղաքում վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և բնակչության ակտիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հակամարտության գոտում հարաբերական և փխրուն խաղաղության ապահովումը հնարավոր է ռուսական խաղաղապահ ուժերի շնորհիվ, և Արցախի ժողովրդի ու իշխանությունների համոզմամբ նրանց ներկայությունը պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ զինծառայողների և զինտեխնիկայի համապատասխանաբար ավելացմամբ»,-ընդգծել է Արցախի նախագահը՝ վերահաստատելով Արցախի իշխանությունների հավատարմությունը Արցախի Հանրապետության՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա անկախության և պետականաշինության համար պայքարին և ընդգծել, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի երաշխիքներին և գործունեությանը զուգահեռ՝ Կառավարությունը շարունակաբար աշխատելու է անվտանգության ապահովման սեփական մեխանիզմների և քաղաքացիական պաշտպանության համակարգի արդյունավետության բարելավման ուղղությամբ։
Նախագահի աշխատակազմից նաև նշում են, որ երկրի ղեկավարը անդրադարձել է նաև էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման խնդիրներին և նշել, որ արդեն
աշխատանքներ են տարվում արևային էներգետիկայի զարգացումը, փոքր ՀԷԿ-երի, անտառային ու բնական այլ ռեսուրսների և հողատարածքների ռացիոնալ օգտագործումն ապահովելու ուղղությամբ։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ նախանշված ծրագրի համաձայն՝ իրականացվելու են ենթաշրջանային և ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները։
Նշվում է, որ հանդիպումից հետո նախագահ Հարությունյանը Մարտակերտի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցի, որտեղ մասնակցել է ՀԱԵ Արցախի թեմի եկեղեցիներում հնչող միասնական աղոթքին։