Եվրոպական միությունը (ԵՄ) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ուղիղ շփումները և փոխգործակցությունը։
«Կարևոր զարգացում անցած շաբաթվա բրյուսելյան հանդիպումից հետո։ Եվրամիությունն աջակցում է անմիջական շփումներին և փոխգործակցությանը»,-Twitter-ում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ տարածելով հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի գրառումը։
Important development following last week’s Brussels meeting. is supportive of direct contacts engagement. https://t.co/48H0WLvAXK
— Toivo Klaar (@ToivoKlaar) April 11, 2022
Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Բրյուսելում ավելի քան չորս ժամ տևած Միշել-Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքներով ՀՀ վարչապետ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։
Երեկ՝ ապրիլի 11-ին, հեռախոսով խոսել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։