Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հայտնում է, որ, ուսումնասիրելով Եվրոպական մի շարք երկրներում արձանագրված շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքերի մասին տեղեկությունները, վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։
Ըստ այդմ՝ հաղորդվում է, որ նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:
Միաժամանակ տեղեկացվում է, որ տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:
«Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն»,-ասված է ՍԱՏՄ տարածած հաղորդագրությունում։