2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված քաղաքացիներն այսօր կրկին փողոցում էին, այս անգամ՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հայաստանյան գրասենյակի առջև նստացույց անցկացնելու մտադրությամբ։
«Եթե ՄԱԿ-ը մեզ կանչի բանակցությունների ու դրական բանի երաշխիքներ տա՝ կդադարեցնենք նստացույցը, որի պարագայում մեր պահանջները հետևյալներն են՝ Արցախի գոյության երաշխիքներ, մեր վերադարձը Արցախ, ներկա պահի համար էլ՝ փախստականի կարգավիճակի շնորհում»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը՝ միաժամանակ ընդգծելով Հայաստանում համայնք ձևավորելու կարևորությունը։
«Հայաստանում մեզ տարածք տրվի համայնք կազմավորելու համար, որպեսզի մեր ժողովուրդը չգաղթի էստեղից։ Որովհետև, եթե մենք 90-ականների Բաքվի ու Շահումյանի փախստականների նման ամեն մեկս մաղվենք, գնանք մի երկիր՝ վերանալու ենք։ Սրա այլընտրանքը Արցախ վերադարձը չէ, որովհետև Արցախը կարգավիճակ չունի։ Եթե այստեղ համայնքով ապրելու հնարավորություն չտրվի՝ այլընտրանքը՝ համայնքի կորուստն է․ ժողովուրդը կցրվի նույնիսկ Բուրկինա Ֆասո և Սենեգալ, բայց էստեղ չեն մնալու»,-ասաց նա։
Տեղահանվածները համոզմունք ունեն, որ, եթե խնդիրների լուծումը թողնեն մեր իշխանություններին՝ Ղարաբաղի վիճակը շատ վատ է լինելու։
«Քաղաքական լուծումը եթե տեսնում են Արցախը Ադրբեջանի կազմում, ուրեմն Արցախում հայ չի մնալու։ Արցախում հայ չմնալու հեռանկարը դեռ սարսափելին չէ, Արցախը մարսելուց հետո Ադրբեջանն ու Թուրքիան սկսելու են Երևանը կուլ տալ, այսինքն Հայաստանը ապագա չունի, չի կարելի Հայաստանը ջոկել Արցախից, իսկ Արցախը՝ Հայաստանից»,-ասաց Լևոն Հայրյանը։
«Այս պահին սահմանազատման գործընթացի մեկնարկը կնշանակի ճանաչել Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս»,-իրենց մտավախությամբ կիսվեցին արցախցիները՝ բարձրաձայնելով նաև «հումանիտար օգնություն» ասվածի շուրջ իրենց պատկերացումները։
«Փորձում ենք ՄԱԿ-ին ու մնացածներին հասկացնել, որ վերմիշելը չի հումանիտար օգնությունը, հումանիտարը, դա իմ զավակին իմ օջախում մեծացնելն է։ Դա՝ քաղաքական խաղերի պատճառով չհայրենազրկվելն է։ Եթե ինձ տանեն Սենեգալ՝ մի մեծ վիլլա էլ տան՝ դա չի նշանակում հումանիտար։ Ուզում են մեր գլուխը յուղել, որ վերմիշելն է հումանիտար օգնությունը»,-ընդգծեց տեղահանված արցախահայը։
Երևանի Հանրապետության հրապարակում հավաքված տասնյակ քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ էլ պատրաստվում են մնալ այնքան, որքան կպահանջվի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան