Այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության (ՀՀ ՄԹ) արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
ՀՀ պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում։ Նշելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը, Սուրեն Պապիկյանը շեշտադրել է իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
«Դեսպան Գալագերը հաստատել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորմանջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորել փոխգործակցությունը ռազմակրթական, ուսումնավարժական և խաղաղապահ կարողությունների զարգացմանը նպաստող ոլորտներում»,-ասված է տարածած հաղորդագրությունում:
ՀՀ պաշտպանության նախարարն այսօր ընդունել է նաև Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին:
ՊՆ-ից հայտնել էին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի ընթացքը և դրա իրականացմանն առնչվող հարցեր: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում զինված ուժերում իրազեկվածության բարձրացման, մարդու իրավունքների՝ այդ թվում կին զինծառայողների իրավունքների պաշտպանության ևզինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդման, ռազմական կրթության զարգացման ու շարունակականության ապահովման, անձնակազմի հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքները։ Նախարարը կարևորել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շարունակականությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ: