«Պատրաստ ենք աջակցել»․ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը արձագանքել է Արցախի Ազգային ժողովի երեկ ընդունած հայտարարությանը, որով, հիշեցնենք, կոչ է արվում Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ ձևավորել համազգային համախմբում։
ԱԱԾ պահեստազորի սպաների միության տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․
«Ս/թ ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որ Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմինն է,հանդես է եկել համահայկական մակարդակով Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ համազգային համախմբում ձևավորելու կոչով:
Ծագման առաջին իսկ օրից Արցախյան հիմնախնդիրն ունեցել էվերելքների ու վայրէջքների կորեր, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմը հիմնովին է փոխել Արցախ-Հայաստան միասնության անվտանգային միջավայրը: Հայաստանյան օրվա իշխանություններն ըստ էության օտարվել են Արցախյան խնդրի հանգուցալուծումից, երկրամասի հայաթափումը մնում է ավելի քան ռեալ սպառնալիք, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը փաստացի պահպանվում է բացառապես Արցախի պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով:
Համակարծիք ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի ճակատագրի պատասխանատվությունը պիտի դրվի Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբմամբ ստեղծվելիք կառույցի վրա,գտնում ենք, որ այն պիտի ունենա լիազորությունների առաջնային, գերագույն մանդատ:Գտնում ենք նաև, որ կառույցը պիտի գործի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի,ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո:
Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միությունը պատրաստ է իր կարողություններն ի սպաս դնել կառույցի աշխատանքներին»: