«Սոցիալական ծառայություններ մատուցող մեր բոլոր կառույցներն անում են ամեն բան, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցները հեշտությամբ գան Հայաստան: Սփյուռքում դեսպանատներն ու դիվանագիտական կառույցները ևս ակտիվորեն աշխատում են մեր հայրենակիցների հետ»,-կառավարության ներկայացուցչին տված հարցազրույցում վստահեցրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ Հայաստան ժամանող ուկրաինահայերի առնչությամբ «մեկ տհաճ երևույթ» է առկա եղել։
«Փախստական վիճակով գալով՝ ստիպված էին ինչպես Հայաստան մուտք գործող բոլոր անձինք, ովքեր պատվաստված չէին, ՊՇՌ տեստ հանձնել և դրա համար գումար էր գանձվում։ Պետությունը չէր կարող դրան չարձագանքել։ Այս պահին ցանկացած անձ, որ հեռացել է Ուկրաինայից և Հայաստան է գալիս, կարող է նշել, որ Ուկրաինայից է եկել։ Նրանց կուղղորդեն համապատասխան ծառայության՝ ՊՇՌ թեստ հանձնելու, որտեղ նրանցից որևէ գումար չի գանձվի»,-պարզաբանել է Սինանյանը։