«Չենք հանդուրժելու մեր երկրի ո՛չ բզկտմանը, ո՛չ էլ բզկտողներին»․ Օպերայի բակում ընթանում է ընդդիմության հավաքը - RadioVan.fm

Онлайн

«Չենք հանդուրժելու մեր երկրի ո՛չ բզկտմանը, ո՛չ էլ բզկտողներին»․ Օպերայի բակում ընթանում է ընդդիմության հավաքը

2022-04-05 19:36 , Политика, 1296

«Չենք հանդուրժելու մեր երկրի ո՛չ բզկտմանը, ո՛չ էլ բզկտողներին»․ Օպերայի բակում ընթանում է ընդդիմության հավաքը

«Գրեթե մեկ տարի է, ինչ Ադրբեջանը գտնվում է Հայաստանի սուվերեն տարածքում, և որևէ մեկն այսօր այս երկրում չի կարող երաշխիք տալ, որ իրենց մտքով չի անցնի ավելի խորանալ կամ այլ տեղերից մտնել Հայաստանի սուվերեն տարածք՝ չհանդիպելով որևէ դիմադրության։ Եվ այսօր սյունեցին առաջինն է դա տեսնում իր աչքերով, իր մաշկի վրա զգում է ամեն օր, իր պատուհանից տեսնում է թշնամուն, ամեն օր վախուսարսափով իր երեխային ուղարկում է դպրոց, գնում է խանութ սննդի հետևից անանցանելի ճանապարհներով։ Եվ սյունեցին, ինչպես նաև արցախցին այսօր մենակ է և չի կարող հասկանալ, թե իրեն ով է պաշտպանում։ Իսկ Ադրբեջանը շարունակում լկտիանալ և նրա ախորժակը գրգռվում է»,-Երևանի Ազատության հրապարակում Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» խորագրով հանրահավաքին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ արդեն Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում ոտնձգություններ է սկսել արցախցիների նկատմամբ, հոգեբանական ճնշումների է դիմում, պարտադրում մեր հայրենակիցներին, որ լքեն իրենց տները։

«Իսկ ի՞նչ է անում Նիկոլը։ Ինքը շարունակում է խաղաղության դարաշրջանի իր կեղծ օրակարգը բերել առաջին պլան։ Ադրբեջանը հայ-ադրբեջանական համաձայնագրի հիմքում պարտադրում է, Թուրքիայի ձեռքը բռնած, որպեսզի իրենց առաջարկած հինգ կետերը, որոնք անվանում են սկզբունքներ, լինեն այդ համաձայնագրի հիմքում։ Հինգ կետ, որոնք վերլուծաբան պետք չէ լինել, որպեսզի հասկանաս, որ դրանք միայն Ադրբեջանի շահերից բխող կետերն են»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ մեր կառավարությունն ի պատասխան, մի քանի ասպեկտներ է մտցնում՝ Արցախի ժողովրդի անվտանգության և կարգավիճակի հարցերը։

«Խոսքը ժողովրդի անվտանգության մասին է, ոչ թե Արցախի անվտանգության, պետականության։ Երկրորդ ասպեկտը՝ կարգավիճակ։ Ոչ թե ինքնորոշման իրացման, ինքնորոշման իրավունքի, այլ՝ կարգավիճակի։ Այստեղ էլ է չէ՞ պարզ, որ Ադրբեջանի կազմում էլ կարող է այդ կարգավիճակը լինել։ Հետո հայտարարում են, որ այդ ամեն ինչը ԵԱՀԿ Մինսկի խմբին են փոխանցել և փորձում են բանակցություններ վարել։ Ինչի՞ համար են փոխանցել, չե՞ն հասկանում, որ Մինսկի խումբը Արցախի կարգավորման հիմնախնդիրն է լուծում, ոչ թե հայ–ադրբեջանական խաղաղության բանակցությունները»,-պարզաբանեց պատգամավորը՝ ընդգծելով, որ մեր երկիրն այսօր հանել են աճուրդով վաճառքի, իսկ աճուրդով վաճառքի հանած երկիրը չի կարող լավ ապրել, որովհետև տեղ չի ունենալու ապրելու:

«Այսուհետ հանդուրժելու տեղ չունենք, չենք հանդուրժելու ո՛չ մեր երկրի բզկտմանը, ո՛չ էլ բզկտողներին»,-հայտարարեց Վահե Հակոբյանը:

Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մանրամասները՝ տեսանյութում:

Лента

Рекомендуем посмотреть