Մինչև 2023-ի հունվարի 1-ը պարտադիր հավաստագրում չանցած բուժաշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները կդադարեցվեն - RadioVan.fm

Онлайн

Մինչև 2023-ի հունվարի 1-ը պարտադիր հավաստագրում չանցած բուժաշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները կդադարեցվեն

2022-04-05 15:35 , Политика, 1585

Մինչև 2023-ի հունվարի 1-ը պարտադիր հավաստագրում չանցած բուժաշխատողների հետ աշխատանքային հարաբերությունները կդադարեցվեն

Վերջնաժամկետի ավարտից հետո ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են` օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ բուժաշխատողների աշխատանքի առանձնահատկությունները, մարդկանց կյանքի և առողջության պահպանման գործում մեծագույն պատասխանատվությունը պահանջ են ստեղծում նրանց պարտադիր շարունակական կրթության՝ մասնագիտական գործունեության ընթացքում նոր հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման առումով:

Խնդրի լուծման նպատակով Հայաստանում ներդրվել է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների (ուժի մեջ է մտել 2016թ. մայիսի 4-ին) համաձայն` ավագ և միջին բուժաշխատողների համար հավաստագրում անցնելու պահանջ է սահմանվել: Ըստ որի`

Հավաստագրումը ՇՄԶ արդյունքների գնահատման և հավաստագրի տրամադրման ընթացակարգն է:

ՇՄԶ հավաստագիրը բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվությունն է, որը տրվում է օրենքով նախատեսված դեպքերում՝ ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և յուրաքանչյուր շրջափուլում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում։

Պահանջվող կրեդիտների նվազագույն քանակը ամրագրված է օրենքով. յուրաքանչյուր շրջափուլի համար ավագ բուժաշխատողները (բժիշկները) պետք է հավաքեն առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները (բուժքույր, բուժակ)՝ 140 ՇՄԶ կրեդիտ և դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ:

Հայաստանում գործում է ՇՄԶ կրեդիտների 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթության կամ ինքնազարգացման համար շնորհվող կրեդիտներ:

Տեսական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում տեսական մասնագիտական դասընթացներին (օր.՝ սեմինար, դասախոսություն, գիտաժողով, համագումար և այլն) մասնակցության և/կամ իրականացման համար:

Գործնական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում գործնական ակտիվություն պարունակող գիտագործնական միջոցառումներին, (օր.՝ վարպետաց դաս) մասնակցության և/կամ իրականացման համար:

Ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտները տրամադրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի յուրացման և/կամ դրանց մշակման, ինչպես նաևգիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար:

«Հավաստագրման առաջին շրջափուլն ընդգրկում է 2016 թվականի մայիս 4-ից 2023 թվականի հունվարի 1-ը: Վերջնաժամկետի ավարտից հետո ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»,-ընդգծում են առողջապահական գերատեսչությունից:

Лента

Рекомендуем посмотреть