Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորել է խմբի ղեկավար Թիմ Լոութընը։
Արտգործնախարարության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա խորացումը և ամրապնդումը՝ այս գործում շեշտելով նաև խորհրդարանական դիվանագիտության դերը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականցվող բարեփոխումների գործընթացին: Այս համատեքստում բրիտանացի խորհրդարանականները բարձր են գնահատել Հայաստանի կողմից գրանցած ժողովրդավարական առաջընթացը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի գործընթացը, և այս համատեքստում գնահատել է Միացյալ Թագավորության աջակցությունը։
«Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է արդբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հետ կապված խնդիրները:
Արարատ Միրզոյանը կարևորել է բրիտանացի խորհրդարանականների ջանքերը՝ ուղղված 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած մարդու իրավունքների խախտումների և վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրանց մարդասիրական հետևանքների դատապարտմանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության սատարմանը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցություններ սկսելու կարևորությունը՝ ուղղված համապարփակ վերջնական կարգավորմանը, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը ։ Հյուրերի խնդրանքով՝ նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-ասված է հաղորդագրությունում։