Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ հանդիպմանն իր դիտարկումներն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ և ընդգծել միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին:
Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ շեշտելով Արցախի կարգավիճակի հստակեցման, անվտանգության ապահովման և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:
«Լուիջի դի Մայոն Իտալիայի աջակցությունն է հայտնել ՄԽ համանախագահության և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության կարգավորմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման երկխոսությանը»,-նշվում է հաղորդագրությունում, որում ասվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իտալիայի հետ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում:
Լուիջի դի Մայոն էլ ընդգծել է իր երկրի կառավարության շահագրգռվածությունը՝ ընդլայնելու և ամրապնդելու Հայաստանի հետ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը կարևորել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման, ներդրումային համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: