«Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն պետք է վերականգնվի»․ Արցախի նախագահը՝ Փառուխի դեպքերի մասին - RadioVan.fm

Онлайн

«Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն պետք է վերականգնվի»․ Արցախի նախագահը՝ Փառուխի դեպքերի մասին

2022-04-01 17:18 , Политика, 1199

«Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն պետք է վերականգնվի»․ Արցախի նախագահը՝ Փառուխի դեպքերի մասին

Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի հերթական նիստն է անցկացվել՝ ընդլայնված կազմով՝ հերթական անգամ քննարկելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ բացման խոսքում երկրի ղեկավարը, նախ, նշել է, որ վերջին օրերին Անվտանգության խորհրդի նիստերի հաճախակի անցկացումը պայմանավորված է Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով և հատկապես Արցախի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումներով: Անդրադառնալով կատարվածին և անելիքներին՝ նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության բանակին, ուժային մյուս կառույցներին և կամավորականներին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են իրականացնել իրենց առջև դրված խնդիրը՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:

«Մենք հասկանում ենք, որ նրանց նպատակը ամբողջ Քարագլուխը գրավելն է եղել: Պետք է արձանագրենք, որ Քարագլխի հիմնական բարձունքը, ամենաբարձր կետը գտնվում է մեր վերահսկողության տակ, սակայն որոշ կարևոր բարձունքներ այսօր գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Մեր նպատակն է, որ ադրբեջանցիները հետ գնան ելման դիրքեր: Մեր պահանջն ու խնդրանքը խաղաղապահ ուժերին այն է եղել, որ ստատուս-քվոն, որը բխում է եռակողմ հայտարարությունից, պետք է վերականգնվի: Այս պահանջը մենք երբևէ չենք փոխելու»,-ասել է նախագահ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի կողմից հրահրված այդ սադրանքի նպատակը եղել է առաջին հերթին ռուսական խաղաղապահ ուժերի դերակատարությունը վարկաբեկելը:

«Մենք համարում ենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը, չհաշված այդ դրվագը»,-ընդգծել է Ա. Հարությունյանը:

Այնուամենայնիվ, ԱՀ Նախագահը շեշտել է, որ պետք է զգոնությունը պահել բարձր մակարդակի վրա մինչև պարզ լինի, որ Ադրբեջանը նման սադրանքների էլ չի գնալու:

«Դրա համար հետագայում մենք մեր ինքնապաշտպանության առումով շատ ավելի արմատական և վճռական քայլեր ենք իրականացնելու»,-ասել է նախագահ Հարությունյանը:

Նիստում պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ շփման գծում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ:

Օրակարգային հարցերի քննարկման ընթացքում նախագահ Հարությունյանը շահագրգիռ կառույցների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին՝ կեսօրից հետո, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ներխուժելով Արցախում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու հարակից Քարագլուխ բարձունք, որտեղից պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ դեռ ելման դիրքեր չեն վերադարձել։ Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարն ահազանգել է, որ Քարագլխի տարածքում գտնվող մշակութային ժառանգությունը՝ 20-ից ավելի հուշարձան, ամրոց և եկեղեցի, այս պահին վտանգված է։

Лента

Рекомендуем посмотреть