ԼՂ-ի՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի Ադրբեջանի ներխուժումը նախապես ծրագրված ագրեսիա է․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ նախագահին - RadioVan.fm

Онлайн

ԼՂ-ի՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի Ադրբեջանի ներխուժումը նախապես ծրագրված ագրեսիա է․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ նախագահին

2022-04-01 17:12 , Политика, 826

ԼՂ-ի՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի Ադրբեջանի ներխուժումը նախապես ծրագրված ագրեսիա է․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ նախագահին

ԵԱՀԿ-ում Լեհաստանի կողմից նախագահության ստանձնումը համընկավ եվրոպական տարածաշրջանի անվտանգության լրջագույն ճգնաժամի՝ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետ:

Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպումից հետո մամուլի համար արված հայտարարությունում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ հասկանալի է՝ այս պահին այն իր վրա է սևեռում ԵԱՀԿ ուշադրության մեծ մասը։

«Սակայն ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում: Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակելու համար։ Դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը Ղարաբաղի տարածք ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ: Այդ ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը: Ադրբեջանը խափանել էր ԼՂ-ի կենսական նշանակություն ունեցող միակ գազատար խողովակի աշխատանքը և գազի մատակարարումը խստաշունչ եղանակային պայմաններում»,-ասաց Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ այս ներխուժումն Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:

ՀՀ արտգործնախարարը շեշտեց՝ այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար:

Միրզոյանը գոհունակությամբ փաստեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի:

Միրզոյանն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմի ավարտից մոտ մեկուկես տարի անց Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիներին՝ ընդգծելով, որ այդ երկիրը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը, ինչպես նաև իր կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին. նույնը և այսօր։ Ինչպես գիտեք՝ Ադրբեջանը որոշակի առաջարկներ է փոխանցել հայկական կողմին, և մենք այս առաջարկները համարել ենք ընդունելի՝ միաժամանակ ասելով, որ նրանք, այնուամենայնիվ, ամբողջապես չեն հասցեագրում խնդիրների ողջ օրակարգը։ Մենք մեր առաջարկներով ամբողջացրել ենք այս օրակարգը՝ ավելացնելով, որ մեզ համար սկզբունքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունն առաջիկայում, այնուամենայնիվ, կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ՝ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով: Մենք, համենայն դեպս, հետևողական ենք այս հարցում, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին և նախանշված ուղենիշներին:

Ուզում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը` սահմանագոտում ձեռնարկելու կայունության բարձրացման քայլեր, և այնուհետև ձեռնամուխ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Ուզում եմ նշել նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես գիտեք, ընթանում են խորհրդակցություններ` տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, և այստեղ մենք ևս հանդես ենք եկել առաջարկներով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մենք հավատում ենք, որ ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցում, այնպես էլ, ավելի լայն առումով` համապարփակ խաղաղություն հաստատելու հարցում միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշմամբ և նաև, հավանաբար, Ադրբեջանի կառուցողական դիրքորոշման դեպքում կկարողանանք ունենալ շոշափելի արդյունքներ»,-հավելեց Միրզոյանը։

Лента

Рекомендуем посмотреть