«Վերջին օրերին հաճախ է խոսվում Փառուխ գյուղի և Քարագլուխ կոչվող բարձունքի ռազմավարական նշանակության մասին: Մարտի 24-ից տեղանքն ադրբեջանցիների կողմից օկուպացվել է, ինչն ուղիղ սպառնալիք է Արցախի ու արցախցիների անվտանգության համար:
Փառուխ-Քարագլուխ տեղանքը, սակայն, անչափ կարևոր է նաև Արցախի պատմամշակութային ժառանգության տեսանկյունից: Քարագլուխը գտնվում է Ասկերան քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, Շիկաքար կոչվող ժայռի շրջակայքում։ Գյուղի Շիկաքար բերդը պատմական կարևոր վայրերից է և նշանակալի դեր է խաղացել Արցախի պաշտպանության գործում։ Հին ժամանակներում այն եղել է Խաչենի նշանավոր բնական բերդերից մեկը»,-ահազանգում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԱՀ ԿԳՄՍ) փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:
Արցախի կրաթական գեչատեսչության պաշտոնական կայքի հրապարակման մեջ նշվում է, որ 2011թթ. ԱՀ կառավարության որոշմամբ՝ Փառուխի պատմամշակութային հուշարձանները ներառվել են Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի մեջ: Ըստ այդմ, վերոնշյալ տարածքում կա ավելի քան 20 հուշարձան, այդ թվում՝ 2 եկեղեցի, հանրահայտ Շիկաքար-Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, մոնումենտալ արվեստի կոթողներ, մասնավորապես՝ խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը:
ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, այդ տարածաշրջանում գտնվող մեր մշակութային ժառանգության մի կարևոր հատված այս պահին վտանգված է:
«Վերոնշյալ տեղանքն առանձնանում է Արցախի դարավոր պատմությունն ու մեր ինքնությունը վավերագրող հարուստ պատմամշակութային արժեքներով: Տարածքն ավելի մանրամասն հետազոտության կարիք ունի, քանզի ընդամենը մի քանի ամիս առաջ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից այնտեղ հետազոտություններ են կատարվել և հայտնաբերվել են 20-ից ավելի նոր խաչքարեր: Սա փաստում է, որ Քարագլուխը հավանաբար դեռ ունի չբացահայտված հուշարձաններ: Մեր մշակութային ինքնությանն ու պատմամշակութային ժառանգությանը հասցվում է հերթական ցավալի հարվածը, խաթարվում է պատմական լանդշաֆտը, ինչը մեր ժողովրդի ինքնության վկայություններից է: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ շարունակաբար տարվող մշակութային էթնոցիդի քաղաքականությունը, այն է՝ վերացնել հայկականության յուրաքանչյուր հետք, վստահ ենք, որ Քարագլխի տարածքում գտնվող մեր մշակութային ժառանգությունը վտանգված է: Մեր խիստ մտահոգությունն ենք հայտնում և մշակութային ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրում այս խնդրին: Ադրբեջանի կողմից տարվող էթնոցիդի քաղաքականությունը չի փոխվել: Ադրբեջանական իշխանությունների անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ, ինչն էլ տեղի է ունենում մեր աչքի առաջ ամեն օր՝ միջազգային հանրության լռության ներքո: Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգությունը պաշտպանության կարիք ունի»,-ընդգծել է Արցախի ԿԳՄՍ փոխնախարարը: