Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արտակարգ իրավիճակների նախարարությունում (ԱԻՆ) հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվող ստուգումներին:
«Տեղյակ եք, որ այս շաբաթ՝ կարծեմ 2 օր կամ 3 օր առաջ իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ հարուցված քրեական գործի շրջանակներում, որը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտում: Այս պահի դրությամբ այդ գործով կան ձերբակալված անձինք, նաև ձերբակալված է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: Ես սա ցավով եմ ասում, շատ ցավալի փաստ է: Մենք, իհարկե, որևէ մեկի անմեղության կանխավարկածը չհարգելու իրավունք չունենք որևէ կերպ և ամենայն հարգանքով: Բայց ես նաև ուզում եմ արձանագրել, իմ վերաբերմունքն արտահայտել, որ մենք հանրայնորեն ստանձնել ենք զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ: Շատ կարևոր է, որ մենք այդ դիրքորոշումը հետևողականորեն և սկզբունքային պահենք, ինչը դեռևս որևէ բան չի նշանակում, դեռ պետք է տեղի ունենա նախաքննություն, պետք է ի վերջո գործը գնա դատարան և միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կամ դրանից հետո կարելի կլինի որևէ եզրակացություն անել:
Հաճելի չէ այս իրավիճակը, բայց կարծում եմ՝ հանրության առաջ ստանձնած պարտավորությունները, օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը շատ ավելի կարևոր է: Համոզված եմ, որ նախաքննությունը կընթանա օբյեկտիվ՝ օրինականության տառին և ոգուն համապատասխան, և բոլոր մեղավորները կստանան օրենքով նախատեսված պատիժ, եթե կպարզվի կամ կապացուցվի նրանց մեղավորությունը»,-ասել է վարչապետը:
Այսօր հայտնի դարձավ, որ ձերբակալվել է արձակուրդում գտնվող Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, որի նկատմամբ ավելի ուշ կիրառվեց կալանքը որպես խափանման միջոց:
Փիլոյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Եւս 8 անձի, այդ թվում` ԱԻՆ տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է առաջադրվել կաշառք տալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և այլ հատկանիշներով։