«Ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը»․ Փաշինյանը՝ սահմանին մոնիտորինգի մեխանիզմի ներդրման մասին - RadioVan.fm

Онлайн

«Ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը»․ Փաշինյանը՝ սահմանին մոնիտորինգի մեխանիզմի ներդրման մասին

2022-03-31 15:02 , Политика, 998

«Ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը»․ Փաշինյանը՝ սահմանին մոնիտորինգի մեխանիզմի ներդրման մասին

«2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Ռուսաստանի Դաշնության նախագահը, Ադրբեջանական Հանրապետության նախագահը և Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդունել են հայտարարություն, որտեղ ասվում է, որ իրենք պայմանավորվել են. «հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին իր ելույթում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ չի կարծում, թե այս հայտարարությունը կարող է որևէ տարընթերցման տեղ տալ և, ըստ նրա, ակնհայտ է, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելուն պետք է նախորդեն հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը նման միջոցառումների վերաբերյալ ոչ մի առաջարկ չի արել:

«Հայաստանը, ինչպես գիտեք, հանդես է եկել խորհրդային ժամանակների հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, այդ սահմանագծի պահպանությունը սահմանափակ թվով սահմանապահների հանձնելու և սահմանի նկատմամբ միջազգային մոնիթորինգ իրականացնելու առաջարկով: Ադրբեջանը մինչև օրս այդ առաջարկին պաշտոնական պատասխան չի տվել, երրորդ երկրներից ստացված տեղեկատվությամբ մեր առաջարկն ընդունելի չէ Ադրբեջանի համար:

Այս հարցում, սակայն, մենք եղել ենք և կանք մաքսիմալ ճկուն և հետքաշման մի քանի բանաձևեր նույնպես առաջարկել ենք: Ադրբեջանը կամ չի ընդունում, կամ չի արձագանքում այս առաջարկներին: Ի՞նչ է սա նշանակում: Փաստացի նշանակում է, որ փորձում է սահմանին լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը պահել նաև սահմանագծման գործընթացի ժամանակ, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու և այդ պահանջները չբավարարելու պարագայում ռազմական սադրանքների դիմելու համար: Սա անընդունելի մոտեցում է:

Ամեն դեպքում կարծում եմ անհրաժեշտ է սահմանային իրադրության միջազգային մոնիտորինգի մեխանիզմ գործարկել: Մենք այդպիսի մի քանի տարբերակներ ենք առաջարկել, այդ թվում և Ադրբեջանին, և մեզ համար ընդունելի կլինի այդ տարբերակներից ցանկացածը, որը կընդունի Ադրբեջանը»,-ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть