Աշխատանքային այցով մարտի 30-ին Բրյուսել մեկնած Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի (ՀՀ ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանն այդ օրը հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Հանդիպումը կազմակերպվել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից:
Այդ մասին տեղեկանում ենք Եվրամիության պաշտոնական կայքի հրապարակումից:
«Եվրամիությունը Բրյուսելում կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը՝ առաջ մղելու համատեղ ջանքերը՝ գտնելու երկու երկրների միջև մի շարք հարցերի լուծումները: Մասնավորապես, քննարկումները կենտրոնացել են Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև 2022 թվականի ապրիլի 6-ին կայանալիք հանդիպման նախապատրաստական աշխատանքների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:
Միաժամանակ նշվում է, որ բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառել է նաև Հաջիևի և Գրիգորյանի առանձին երկկողմ զրույցը։
«Կողմերը քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների ամբողջական շրջանակը՝ որպես շարունակություն երկու երկրների առաջնորդների և նախագահ Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների։
Մասնակիցները համաձայնել են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին հանդիպել՝ շարունակելու քննարկումները: Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան նաև երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերին: Եվրամիությունը շարունակում է հանձնառու լինել՝ շարունակելու իր ներգրավվածությունը՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության»,-ասվում է ԵՄ հայտարարության մեջ:
Ի դեպ՝ ո՛չ ՀՀ ԱԽ պաշտոնական կայքում ո ՛չ էլ ֆեյսբուքյան էջում Գրիգորյան-Հաջիև մարտի 30-ին կայացած հանդիպման մասին այս պահի դրությամբ որևէ տեղեկատվություն չկա։
Վերոնշյալ հանդիպման մասին միայն այսօր հրապարակված է ԵՄ երևանյան գրասենյակի պաշտոնական կայքում՝ «Հայաստան/ Ադրբեջան․ ԵՄ-ն հ անցկացնում է բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում» վերտառությամբ հաղորդագրության տեսքով։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԽ-ից հայտնել էին, որ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 30-ին աշխատանքային այցով մեկնելու է Բրյուսել, իսկ հաջորդ երկու օրերին գտնվելու է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում: Նշվել էր, որ այցի շրջանակներում ԱԽ քարտուղարն ունենալու է մի շարք աշխատանքային հանդիպումներ: