Դպրոցներում ավարտական քննությունների օրերը հայտնի են - RadioVan.fm

Онлайн

Դպրոցներում ավարտական քննությունների օրերը հայտնի են

2022-03-30 15:52 , Образование, 1334

Դպրոցներում ավարտական քննությունների օրերը հայտնի են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունից հայտնում են,որնախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը:

Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը:

4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`

  • «Մայրենի» (գրավոր, թեստ) - 10.06.2022 թ.,
  • «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 13.06.2022 թ.,
  • Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում,
  • Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար-քննաշրջանի ընթացքում:

Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

  • «Հայոց պատմություն» (բանավոր) - 08.06.2022 թ.,
  • «Գրականություն» (բանավոր) - 13.06.2022 թ.,
  • Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - 16.06.2022 թ.,
  • Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 23.06.2022 թ.,
  • «Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ) - 28.06.2022 թ.,
  • «Մաթեմատիկա» (կենտրոնացված, գրավոր, թեստ) - 30.06.2022 թ.,
  • «Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում - հունիսի 7-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
  • «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում,
  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում գրավոր ավարտական և կենտրոնացված ավարտական քննական թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

  • «Հայոց լեզու» (գրավոր) - 08.06.2022 թ.,
  • «Հայոց պատմություն» (գրավոր) - 15.06.2022 թ.,
  • «Մաթեմատիկա» (գրավոր) - 22.06.2022 թ.,
  • «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում,
  • «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:

«12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:

Ավարտական և պետական ավարտական քննությունները կազմակերպվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոն է դառնում յուրաքանչյուր ուսհաստատություն:

Կենտրոնացված ավարտական քննությունները կազմակերպվում են առանձնացված քննական կենտրոններում: Քննական կենտրոնների ցանկը և կենտրոնների ղեկավարների ցուցակը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը:

Քննական կենտրոններում սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը»,-ասված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть