«Հայաստանի կառավարությունը ստանձնել է պարտավորություն՝ կառուցելու գիտելիքահենք, արտահանմանն ուղղված և ներառական տնտեսություն։ Այս ճանապարհին մենք խրախուսում ենք օտարերկրյա ներդրումների ներհոսքը, որոնք առաջ են մղում նորարարությունը, գեներացնում են գիտելիք և տեխնոլոգիաներ՝ աջակցելու տնտեսության ընդհանուր արդիականացմանը»,-այդ մասին Արաբական Միացյալ Էմիրություններում (Դուբայ) տեղի ունեցող «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանն իր ելույթում ասել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով ներդրողների համար Հայաստանի կառավարության «բաց դռների» քաղաքականությանը։
Կառավարության փոխանցմամբ՝ նախօրեին հնչեցրած ելույթում ՀՀ փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է մնում իր «բաց դռների» քաղաքականությանը և մուտք գործող ներդրումների համար թափանցիկ, արդար և շահավետ միջավայրի ապահովմանը:
Մաթևոսյանի խոսքով, գիտակցելով, որ ներդրումների խթանումը մեծ պատասխանատվություն է պահանջում, Հայաստանի կառավարությունը մեծ ջանքերով շարունակում է ներդրումային միջավայրի և հանրային ծառայությունների մատուցման բարեփոխումները՝ օտարերկրյա ներդրողներին առաջարկելով կանխատեսելի և մրցունակ բիզնես միջավայր՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող պաշտպանության ուժեղ երաշխիքներով:
«Բացի ընդհանուր տնտեսական բարեփոխումներից՝ Հայաստանն ակտիվորեն դիվերսիֆիկացնում է իր տնտեսությունը՝ առաջնահերթությունը տալով այն ոլորտներին, որոնք ստեղծում են ներդրումային լայն հնարավորություններ: Օրինակ՝ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տպավորիչ վերելքը խթան է հանդիսացել հեղափոխական արդյունաբերությունների համար՝ ներառյալ կենսատեխնոլոգիաները և ագրոտեխնոլոգիաները: Բարգավաճող ՏՏ ոլորտը դարձել է ոչ միայն կայուն աճի շարժիչ, այլ նաև օրինակելի մոդել՝ այլ երկրների համար»,-մանրամասնել է ՀՀ փոխվարչապետն ու առաջարկել օտարերկրյա ձեռնարկատերերին իրենց հաջորդ բիզնես նախաձեռնությունների համար դիտարկել նաև Հայաստանը։
Որպես ներդրումների խթանմանն ուղղված կարևոր քայլ՝ ՀՀ փոխվարչապետը հիշատակել է «Enterprise Armenia» գործակալության ստեղծումը, որն արժանացել է ներդրողների բարձր գնահատականին՝ իր արագ և փորձագիտական աջակցության համար: