Ռուսական կողմը հայտնել է դեէսկալացիայի համար 2 քայլ ձեռնարկելու մասին, Ուկրաինան՝ 8 պետության անվտանգության երաշխավոր տեսնելու մասին․ Ստամբուլում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին օրը - RadioVan.fm

Онлайн

Ռուսական կողմը հայտնել է դեէսկալացիայի համար 2 քայլ ձեռնարկելու մասին, Ուկրաինան՝ 8 պետության անվտանգության երաշխավոր տեսնելու մասին․ Ստամբուլում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին օրը

2022-03-29 18:32 , Мир, 1233

Ռուսական կողմը հայտնել է դեէսկալացիայի համար 2 քայլ ձեռնարկելու մասին, Ուկրաինան՝ 8 պետության անվտանգության երաշխավոր տեսնելու մասին․ Ստամբուլում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին օրը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ այսօր առավոտյան Ստամբուլում մեկնարկած Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների երկօրյա բանակցությունների առաջին օրն ավարտվել է։

Այդ մասին հայտնում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը, որն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ստամբուլում բանակցություններ անցկացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում։

Ուկրաինայի բանակցային խմբի ղեկավար Դավիթ Արախամիան հնչեցրել է Կիևի պայմանները անվտանգության երաշխիքների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ 8 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, կարող են հանդես գալ որպես Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։

«Ուկրաինան ցանկանում է որպես երաշխավոր տեսնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիային, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Թուրքիային, Գերմանիային, Լեհաստանին և Իսրայելին: Մյուս երկրները նույնպես կկարողանան միանալ պայմանագրին, եթե ցանկանան»,-Արախամիայի խոսքերն է մեջբերում «Անադոլու»-ն։

Ըստ գործակալության՝ ուկրաինական պատվիրակության անդամ Ալեքսանդր Չալինն էլ իր հերթին նշել է, որ Ուկրաինան պատրաստ է չեզոքության, եթե համաձայնեցվի խաղաղության պայմանագիր։

Ստամբուլում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը Ուկրաինայում հակամարտությունը թուլացնելու համար երկու քայլ է ձեռնարկում։

«Քայլերից մեկը վերաբերում է ռազմական ասպեկտին, որի մասին կբարձրաձայնի պաշտպանության փոխնախարարը, իսկ երկրորդը՝ քաղաքականին, որի մասին ես կխոսեմշմ»,-«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ ասել է ռուսական պատվիրակության ղեկավարը՝ հավելելով, որ Ստամբուլում ուկրաինական կողմից հստակ ձևակերպված դիրքորոշում և առաջարկներ են ստացել, որոնք կուսումնասիրվեն և կներկայացվեն երկրի ղեկավարության ուշադրությանը։

Հավելենք՝ «Դոլմաբախչե» պալատում բանակցությունների մեկնարկին Էրդողանը համառոտ խոսքով դիմել է մասնակիցներին՝ նշելով, որ Թուրքիան «խորապես անհանգստացած Է» Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությամբ և հրադադարի կոչ է անում: Նա հույս է հայտնել, որ բանակցությունները կնպաստեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների անձնական հանդիպման անցկացմանը, ու որ՝ Թուրքիան պատրաստ է իր տարածքը տրամադրել այդ հանդիպմանը։

Բացի այդ, կայացել է երկու երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպումը։

Սպասվում է, որ ստամբուլյան բանակցությունները տեղի կունենան նաև վաղը:

Лента

Рекомендуем посмотреть