Ալեն Սիմոնյանը ԱՊՀ պատվիրակների ներկայությամբ առաջարկել է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ - RadioVan.fm

Онлайн

Ալեն Սիմոնյանը ԱՊՀ պատվիրակների ներկայությամբ առաջարկել է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ

2022-03-29 15:56 , Политика, 1057

Ալեն Սիմոնյանը ԱՊՀ պատվիրակների ներկայությամբ առաջարկել է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը շնորհավորել է ԱՊՀ պատվիրակներին հոբելյանական տարվա առթիվ: Խորհրդարանի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահը հիմնականում անդրադարձել է Ալմաթիի հռչակագրի ստորագրումից հետո միջպետական և բազմազգ ձևաչափով գործող ԱՊՀ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա նշել է, որ ԱՊՀ-ն նպաստել է քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար կապերի պահպանմանն ու ամրապնդմանը, ներդրում է ունեցել հետխորհրդային տարածքում մեր երկրների պետականաշինության հետագա զարգացման գործում:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ երեք տասնամյակ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի համատեղ ջանքերով ստեղծվել է մոդելային օրինաստեղծ գործունեության բազա, որը կարգավորում է տարբեր ոլորտներ: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել միջազգային ասպարեզում ԱՊՀ ՄԽՎ-ի դերի բարձրացման, միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների և գործընկերների հետ կառույցի փոխգործակցության ուժեղացման օգտին: Խոսելով խորհրդարանական դիվանագիտության դերի և հնարավորությունների մասին՝ խորհրդարանի նախագահը կարևորել է այն, հատկապես, խաղաղության և անվտանգության հարցերում:

Ներկաների ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակին՝ Ալեն Սիմոնյանը մասնավորապես անդրադարձել է մարտի 24-ին ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող ԼՂ Ասկերանի շրջանի Փարուխ գյուղ՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ զենքի և անօդաչու ավիացիայի կիրառումը հերթական անգամ հանգեցրել է մարդկային զոհերի, կան վիրավորներ:

«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակի կարգավորման և նոր զոհերի ու մարտական գործողությունների կանխման համար և ադրբեջանական ուժերը կվերադարձնի մարտի 23-ի դիրքեր»,-նշել է նա:

Խորհրդարանի ղեկավարի բնութագրմամբ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շատ լարված է: Նա ընդգծել է, որ այդ բնույթի գործողություններն աշխարհում անվտանգության իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ կարող են տարածաշրջանում նոր էսկալացիայի հանգեցնել: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ՊՆ-ի հասցեական հայտարարությունը, որը, սակայն, արժանացել է ադրբեջանական կողմի հակազդեցությանը: ԱԺ նախագահը գործընկերներին տեղեկացրել է, որ դեռևս լուծված չեն հետպատերազմյան հումանիտար և այլ բնույթի խնդիրներ՝ շեշտելով հայ ռազմագերիների, պատանդների հարցը, որոնց թիվը, ըստ Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների, 38 է:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցերն օրհասական են:

«Հիմնարար և սկզբունքային են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և ազատությունների երաշխավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հակամարտությունը ոչ թե տարածքային, այլ իրավունքի հարց է: Այս համատեքստում կարևոր ենք համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների կողմից 2020թ. նոյեմբերի 9-ին, ինչպես նաև 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարումը: Ինչպես նախկինում, Հայաստանը կարևորում է հարևան պետությունների հետ նորմալ հարաբերությունները: Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և այդ պատճառով հաստատելով նախկինում ձևակերպված դիրքորոշումը՝ առաջարկում ենք Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի կնքման շուրջ»,- ելույթի եզրափակիչ հատվածում ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть