Նատալյա Ռոտենբերգն այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի (ՀՄՖ) փոխնախագահ․ ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը:
Այդ մասին տեղեկանում ենք ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի հրապարակումից։ Ի հավելումն ընդգծվում է՝ Հայաստանի մարմնամարզության «ֆեդերացիան ապաքաղաքականացված կառույց է»։
Հիշեցնենք՝ վերջերս ՀՀ քաղաքացիություն ստացած նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ «Ալյանս» կուսակցության կանանց միության պատվավոր նախագահ Նատալյա Ռոտենբերգը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում նշանակվել էր այս տարվա փետրվարի սկզբին։ Նա հայտարարել էր, որ ունի «հաղթողի ծրագիր»։
Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Արզաքանցյանն ու կինը նոր՝ «Ուժը Հայրենյաց» կուսակցություն են հիմնում։