Ստեղծվել է «Be Safe» երկրաշարժի վարքականոնների հավելված․ հեղինակ թալինցի մանկավարժը՝ VR տեխնոլոգիաների կարիքի ու անելիքների մասին - RadioVan.fm

Онлайн

Ստեղծվել է «Be Safe» երկրաշարժի վարքականոնների հավելված․ հեղինակ թալինցի մանկավարժը՝ VR տեխնոլոգիաների կարիքի ու անելիքների մասին

2022-03-28 23:02 , Наука, HiTech, 2556

Ստեղծվել է «Be Safe» երկրաշարժի վարքականոնների հավելված․ հեղինակ թալինցի մանկավարժը՝ VR տեխնոլոգիաների կարիքի ու անելիքների մասին

23 տարվա մանկավարժական փորձ ունեցող աստղագետ, ֆիզիկոս Լալա Խուրշուդյանի համար Երևանին բավականին մոտ արձանագրված 2021-ի փետրվարյան երկրաշարժը նոր գաղափարի իրագործման առիթ/պատճառ է հանդիսացել։

Թալինի ավագ դպրոցում ֆիզիկա և ինֆորմատիկա առարկաներ ուսուցանողի, իսկ «Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջ»-ում ցանցերի սպասարկման բաժնի դասախոսի ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ, մեծամասամբ, թե՛ աշակերտները, թե՛ բնակչությունը իրազեկ չէ՝ ինչպես երկրաշարժի ժամանակ շրջանցել վտանգները ու թե՝ որոնք են տարերային այդ աղետի վարքականոնները։

Գաղափարն, ահա, ծնվում ու միս ու արյուն է ստանում 2021-ին․ «Future Voice» թիմը, որի մենթորն է հանդիսանում տիկին Խուրշուդյանը, 2021-ին «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան» մրցույթին (մրցույթի կազմակերպիչը «Կանայք և տեղեկատվական հասարակություն» հասարակական կազմակերպությունն է-խմբ․) մասնակցելու հրավեր է ստանում։

Մրցույթի շրջանակում Լալա Խուրշուդյանի գլխավորությամբ թիմի անդամները՝ Երևանի N 192 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհիներ Լաուրան, Մերին, Օֆելյան և Հասմիկը ստեղծում են «Be Safe» անվանումով բջջային հավելվածը, որն, ի դեպ, մրցույթում կրտսեր թիմերի՝ 13 տարեկան աղջիկների խմբում արժանանացել է Գրան պրի մրցանակի։

«Հայաստանում չկար նման՝ երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններին առնչվող հավելված, այդ միջոցով առկա խնդրին լուծում տրվեց»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նկատեց Լալա Խուրշուդյանը՝ նշելով, որ մրցույթից հետո «Տեխնովացիա աղջիկներ Հայաստան» ծրագրի ղեկավարության աջակցությամբ մի շարք մասնագիտական դասընթացներին մասնակցելուց հետո, հավելվածը կատարելագործվել և այսօր արդեն տեղ է գտել «play market»-ում, իսկ օրեր առաջ էլ՝ մարտի 16-ին, հավելվածն առաջին անգամ ներկայացվել է Թալինի ավագ դպրոցում՝ բաց դասի շրջանակում։

«Be Safe» բջջային հավելվածը ներառում է մի քանի բաժիններ։ Դրանցում մանրակրկիտ բացատրվում է, թե այս կամ այն վայրում գտնվելիս ինչպես է պետք վարվել երկրաշարժի ժամանակ։ Օրինակ, եթե բնակելի տարածքում եք ՝ շենքերի հարևանությամբ, ոչ թե պետք է մտնել շենք, այլ արագորեն պետք է հեռանալ այդ տարածքից, եթե 1-ին կամ 2-րդ հարկերում եք՝ մտեք սեղանի տակ՝ մեջքով դեպի պատուհանները, որ, ապակիների հնարավոր կոտրվելու դեպքում, չվնասվեք, իսկ բարձր հարկերում գտնվելիս՝ կանգնեք հիմնական պատերը կրող հանգույցներում․ վերելակ նստել, պատուհանին մոտենալ չի՛ կարելի։

Իսկ թե որքանով են այդ կանոններին տիրապետում հավելվածից օգտվողները՝ կարող են ինքնուրույն պարզել՝ լրացնելով առաջադրանքների բաժնում ներառված նախնական թեստը։

«Այսինքն, ուսուցողական և գործածական բաժինների համադրությամբ ու օգնությամբ յուրաքանչյուր ոք կարող է իրազեկվել ու պաշտպանվել»,-ասում է նախագծի հեղինակը՝ ընդգծելով, որ հավելվածի օգնությամբ քաղպաշտպանություն դասավանդող ուսուցիչները կարող են բաց դաս անցկացնել, իրենք էլ այս փուլում, դպրոցներից հրավեր ստանալու դեպքում, սիրով կներկայացնեն այն։

Թիմի նպատակն է բջջային հավելվածը կիրառելի դարձնել դասապրոցեսներում՝ նախակրթարաններից մինչև բուհական համակարգ։

Այդ նպատակով դիմելու են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարություններ։

Մինչ դա, գերխնդիրն այս պահին դրամաշնորհային որևէ ծրագրի մաս կազմելն է, ինչը հնարավորություն կտա Թալինի ավագ դպրոցում հիմնել վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաներով հագեցած շարժական լաբորատորիա։

«Նպատակն այն է, որ մեր գույքը ծառայեցնենք այդ դպրոցում կրթական որակի բարելավմանը։ Դա բիսնես չէ, այլ ուղղված է կրթական որակի բարձրացմանը»,-շեշտում է 46-ամյա Լալա Խուրշուդյանը՝ իր առաքելությունը կյանքում համարելով ունեցած գիտելիքների անմնացորդ փոխանցումը սերունդներին։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть