Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում:
Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նշելով, որ Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ:
Նշենք՝ Արցախի տեղեկատվական շտաբից ավելի վաղ հայտնել էին, որ մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն էր եղել, հրադադարի էական խախտումներ չէին արձանագրվել: Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են: