Այսօր՝ մարտի 24-ի երեկոյան, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
Պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում վերջին զարգացումները՝ կապված Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից շփման գիծը խախտելու, և դրա հետևանքով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի հետ։ ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։
«Սերգեյ Շոյգուն հավաստիացրել է, որ իրադրությունը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ դրա խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ»,-ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։