Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը։
Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ԱՀ ՊՆ)։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինուժը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը, ներխուժել Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի։
Վերահսկողության տակ վերցնելով Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը՝ հակառակորդը փորձել է առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են:
Սակայն, ըստ Արցախի պաշտպանության նախարարության (ՊՆ) այսօր տարածած հաղորդագրության, ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տևած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:
Ավելին. ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
«Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։ Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները միջոցներ կձեռնարկեն ադրբեջանական ստորաբաժանումներին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ»,-ասված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։