Եվրասիական տնտեսական միության(ԵԱՏՄ) հարթակում մի շարք կարևոր նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու որոշում է կայացվել․ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա միանշանակորեն դրական ազդեցություն է ունենալու գների վրա:
Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ մարտի 17-ի ԵԱՏՄ նիստի ընթացքում այդ որոշումն աննախադեպ էր.
«Մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին դա չբախվի: Կարծում եմ՝ ունենք մի որոշում, որը կունենա սոցիալական նշանակություն. մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է։ Դա, իհարկե, դիսկրետ որոշում է, միջինում վեց ամիս ժամկետով է, բայց, այնուամենայնիվ, գների վրա դրական ազդեցություն կունենա։ Այո, մաքսատուրքերի մուտքերը բյուջե կնվազեն, բայց կարծում եմ, որ շատ ավելի մեծ արդյունք կլինի սպառողների համար»:
Գրիգորյանը նշել է, որ սա առաջին փուլի փաթեթն էր, որովհետև աշխատանքները շարունակվում են այդ մասով։ Ըստ նրա՝ ներկայացվել են մեկ այլ խումբ ապրանքների գծով մաքսատուրքից ազատելու հայտ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում այդ հայտը քննարկվում է, և մոտ ժամանակներում կհրապարակվի ապրանքների ևս մի ցանկ, որոնք կազատվեն մաքսատուրքից։
«Դա դրական ազդեցություն կունենա և ակնհայտորեն կզսպի գների աճը»,-եզրափակել է փոխվարչապետը։