«Իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Այս առումով մենք, այո, կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ կարևորելով նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը:
«Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկով, որպես ետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը:
Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական ետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ վերջին մի շարք իրադարձություններից հետո իրենք այդպես էլ չհասկացան՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ:
«Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում»,-հավելեց նա»: