«Մի բան է բարձրացնել 500, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը»․ Փաշինյանը՝ քննադատություններին - RadioVan.fm

Онлайн

«Մի բան է բարձրացնել 500, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը»․ Փաշինյանը՝ քննադատություններին

2022-03-24 11:53 , Политика, 915

«Մի բան է բարձրացնել 500, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը»․ Փաշինյանը՝ քննադատություններին

«Մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը: Կամ 600 000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն»,-այդ մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե իրենք բարձրացնում են իրավապահ մարմինների աշխատողների աշխատավարձերը և դեռ չեն բարձրացնում կենսաթոշակներ:

Փաշինյանը, վստահեցնելով, որ ամեն հնարավորն անում են նախընտրական խոստումները, կենսական անհրաժեշտ որոշումներն օր առաջ կյանքի կոչելու համար, շեշտեց, թե իրավապահ, դատական համակարգում աշխատավարձերը բարձրացնում են առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու։

«Որովհետև իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, և հետո՝ այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված նաև երկրի տնտեսության, ընդհանրապես իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը: Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»,-հավելեց Փաշինյանը, որի խոսքով Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, բայց պիտի իմանանք, որ ամբողջ աշխարհն է գտնվում նույն վիճակում։

«Գնաճի աննախադեպ բարձր փուլում է աշխարհը։ Եվ Հայաստանը դեռ մի բան էլ այս իմաստով լավ վիճակում է՝ շատ ու շատ երկրների համեմատ: Իսկ թե այս առումով ինչպիսին է կառավարության քաղաքականությունը՝ երևաց 2019 թվականին, երբ ամբողջ աշխարհում հատկապես սննդամթերքի գներն աճում էին, իսկ Հայաստանը աշխարհի այն եզակի երկրներից էր, որտեղ հակառակն էր տեղի ունենում՝ սննդամթերքի գնանկում: Որովհետև մենք վերացրինք արհեստական մենաշնորհները, և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, և ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության՝ չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ: Հույս ունեմ՝ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք:

Իհարկե, մենք հասկանում ենք, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք և դա անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին: Իսկ թե մենք ինչպես ենք հավաքում հարկերը, ցույց են տալիս 2021՝ մեզ համար ամենաճգնաժամային թվականի տվյալները, երբ պետական բյուջեի հարկային եկամուտները ծրագրվածի նկատմամբ գերազանցվել են շուրջ 147 միլիարդ դրամով: Իսկ եթե հաշվի առնենք առանց օրենսդրական փոփոխությունների ստացված հավելյալ եկամուտները՝ շուրջ 110 միլիարդ դրամով: Ընդհանրապես, 2018 թվականից հետո մեր բյուջեի հարկային եկամուտները աճել են շուրջ 35 տոկոսով, ինչպես խոստացել էի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ընթացքում»,-մանրամասնեց գործադիրի ղեկավարը՝ կիսվելով նաև տնտեսական լավատեսական նորություններով։

«Մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք: Մարտի առաջին 20 օրվա տվյալներով, օրինակ, Հայաստանում ՀԴՄ-ով արձանագրված գործարքների թիվը, այսինքն՝ նախորդ տարվա մարտի առաջին 20 օրվա համեմատ ավելացել է շուրջ 510 հազար հատ գործարքով, իսկ դրամաշրջանառությունը աճել է 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է: Սա, իհարկե, ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մարդկանց մեծ ներհոսք ունենք դեպի Հայաստանի Հանրապետություն, և սա բավական լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծելու:

Էական է նաև, որ փետրվար ամսին գրանցված աշխատատեղերի՝ փետրվար ամսի համար բացարձակ ռեկորդ ունենք 646 077, որը 2021 թվականի համեմատ ավելի է 10.3 տոկոսով, իսկ 2019 թվականի նկատմամբ՝ 12.7 տոկոսով: Նույնը վերաբերում է միջին աշխատավարձին՝ 2022 թվականի փետրվարին գրանցված աշխատողների միջին աշխատավարձը 223 235 դրամ է, որը 2021 թվականի նկատմամբ ավելի է 9 տոկոսով, 2019 թվականի փետրվարի համեմատ՝ 25.3 տոկոսով: Ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականը մեր լավագույն տարին է եղել, և համեմատություններն այդ տարվա հետ են»,-տնտեսական իրավիճակի թվային տվյալները ներկայացրեց վարչապետը՝ միաժամանակ շեշտելով, որ, «դժբախտաբար, սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը չէ»:

Лента

Рекомендуем посмотреть