ՔՊ-ն մերժեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դարձնելու ընդդիմադիրների նախագիծը - RadioVan.fm

Онлайн

ՔՊ-ն մերժեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դարձնելու ընդդիմադիրների նախագիծը

2022-03-23 15:07 , Политика, 994

ՔՊ-ն մերժեց ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի դարձնելու ընդդիմադիրների նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն (ԱԺ) այսօրվա նիստում ձայների 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց ընդդիմադիր պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես, առաջարկում էին քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ էր նախագծին։ Նախքան քվեարկությունը խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու այս նախագծին, դրանում, նրա համոզմամբ, թաքնված են լրիվ այլ նպատակներ:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Արամ Վարդևանյանն էլ արձագանքելով հիշեցրեց՝ «նախագիծը լինելու էր Հայաստանի տարածքից դուրս գտնվող մարդկանց իրապես հետապնդելու ու նրանց կողմից թույլ տրվող արտահայտությունները անհետևանք չթողնելու մասին»;

«Բայց, բոլոր դեպքերում արձանագրենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ դեմ է քվեարկելու, և սա ցավալի հերթական հանգամանքներից է»,-շեշտեց Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ երեկ էլ խորհրդարանական մեծամասնությունը մերժել էր ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեղինակած «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի և ահաբեկչության վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որն առնչվում էր Արցախի հումանիտար իրավիճակին, սպառնալիքներին և հրատապ անելիքներին: Հայտարարությունում, ի թիվս այլ արձանագրումների, ընդգծվում էր՝ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվություն կրեն ուժի կիրառման, 44-օրյա պատերազմի սանձազերծման, ագրեսիայի, հազարավոր զոհերի, ռազմական հանցագործությունների և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ շարունակվող ահաբեկչության և հումանիտար աղետի հրահրման համար։

Лента

Рекомендуем посмотреть