ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) արձագանքել է Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) առաջխաղացման մասին տեղեկություններին՝ հերքելով դրանք։
«Հայ ադրբեջանական սահմանի խիտ անտառային և բարդ դիտարկելի այդ տարածքը, որն ըստ ԽՍՀՄ քարտեզների մոտ 600 մ խորությամբ ՀՀ տարածքում է գտնվում, ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։ Ամրաշինական նախնական աշխատանքներ կատարվել դրանից անմիջապես հետո։ Մասնավորապես, փորվել են խրամատներ, որոնք սակայն, պատշաճ կահավորման բացակայության պատճառով, ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել կացության համար։ Այդ իսկ պատճառով ադրբեջանցի զինվորականների հիմնական մասը, չունենալով ձմռանը նշված հատվածում մարտական հերթապահություն կազմակերպելու համար բավարար կենցաղային պայմաններ հեռացել են»,-պարզաբանում են ՊՆ-ից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ այսօր ավելի վաղ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ հրատապ փաստահավաք աշխատանքների շրջանակում զրույցների ու քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ Սյունիքի մարզի Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են; Ընդգծվել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել Ներքին Հանդի բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները։