Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) գազի մատակարարման դադարեցման կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից։
Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է։ Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի քաղաքականությունը և դիմում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։
Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։ Մենք շարունակելու ենք ապրել և արարել մեր պատմական հայրենիքում, զարգացնել և զորացնել մեր անկախ պետականությունը»։
Հիշեցնենք՝ Հայաստանից Արցախ գնացող գազատարի՝ իր տիրապետության տակ գտնվող հատվածում ենթադրյալ խափանման պատճառով ադրբեջանական կողմը արցախցիներին շուրջ 10 օր զրկելով գազամատակարարումից, 2 օր անց կրկին առաջացրեց նույն խնդիրը՝ երեկ երեկոյան ժամերին Ադրբեջանի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ երեկ երեկոյան դադարեցրել է գազամատակարարումը։
Խնդրի առնչությամբ համատեղ հայտարարություն են տարածել Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները՝ ընդգծելով, որ Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք, որը ավելի քան 100 000 հայ բնակչության նկատմամբ անընդունելի է ու դատապարտելի։