Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումային համաձայնությունները, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, պետք է հանրաքվեի դրվեն Ուկրաինայում։
«Ես բացատրել եմ բանակցային բոլոր խմբերին, որ երբ խոսում ենք այս բոլոր փոփոխությունների մասին, դրանք կարող են դառնալ պատմական և տանեն հանրաքվեի: Ժողովուրդը պետք է արձագանքի փոխզիջումների որոշակի ձևաչափերի։ Իրականում ինչպիսի՞ն կլինեն դրանք՝ դա արդեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև փոխըմբռնման հարց է։ Ուստի, ամեն դեպքում, ես պատրաստ եմ ամեն ինչի, եթե գնամ մեր ժողովրդի հետ»,-Unian-ի փոխանցմամբ՝ ասել է Զելենսկին:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարներին՝ Զելենսկին հայտարարել է․
«Պատասխանը շատ պարզ է, ամեն ինչ հասկանում ենք։ Մեզ չեն ներառում ՆԱՏՕ-ի կազմի մեջ, որովհետև վախենում են Ռուսաստանից»։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ղրիմի և Դոնբասի հանրապետությունների ճանաչման հարցերն այն բանից հետո, երբ ուկրաինական կողմը ստանա անվտանգության երաշխիքներ։
«Սա շատ դժվար պատմություն է բոլորի համար։ Եվ այնտեղ ինչ-որ ելք գտնելու համար անհրաժեշտ է անել այս առաջին քայլը, որի մասին ես ասացի՝ անվտանգության երաշխիքներ, պատերազմի ավարտ»,-ասել է նա։
Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստ է այդ հարցերը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։