Ադրբեջանի Հանրապետության կաղմից իր «ինքնիշխան տարածքներում» ցանկացած միջոցառման կազմակերպումը և դրան միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը չի մտնում Հայաստանի իրավասության մեջ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ անդրադառնալով մարտի 18-ին Ադրբեջան-ՄԱԿ գործընկերության 30-ամյակի կապակցությամբ Շուշի քաղաքում տեղի ունեցած համաժողովին ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցության կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ի հղած բողոքի նոտային։
«Հայաստանի միջամտությունն այլ պետության ներքին գործերին անհիմն է և անընդունելի»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ընդգծել է Աբդուլաևան՝ պնդելով, թե Շուշին «Ադրբեջանի հնագույն տարածքն է», «ադրբեջանական մշակույթի օրրանը։
Հայտնել էինք, որ բռնազավթված հայոց բերդաքաղաք Շուշիում մարտի 18-ին Ադրբեջանը տոնել է ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը։
Խստիվ դատապարտելով իրողությունը՝ նույն օրը Արցախի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառմանը հակասում է միջազգային այս հեղինակավոր կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը և, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։
Մարտի 19-ին էլ Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է Արտաքին գործերի նախարարություն: Հանդիպմանը նրան տեղեկացրել են, որ Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը։ Արտաքին գործերի նախարարությունը ներկայացնելով բողոքի հայտագիր՝ պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։