Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Հայաստանից Արցախ մտնող վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են, սակայն, հաշվի առնելով գազատարի՝ 10 օր շարունակ չգործելու հանգամանքը, այժմ իրականացվում են տեխնիկական բնույթի մի շարք աշխատանքներ գազի պատշաճ և անխափան փոխադրումն ու մատուցումը բաշխիչ ցանցերին ապահովելու ուղղությամբ։
«Նշված աշխատանքներն ավարտելուց հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Կրկին հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն, որպեսզի գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա»,-ասված է շտաբի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք՝ մարտի 8-ին Արցախի Հանրապետության (ԱՀ) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել էր, որ անցնող գիշեր վնասվել է Հայաստանից Արցախ գնացող գազատարի ադրբեջանական կողմի վերահսկողության տարածքի՝ Շուշի-Զառիֆլու հատվածի խողովակը։ Այս օրերին խաղաղապահների միջնորդությամբ վթարի վերացման հնարավորություն ստանալու համար բանակցություններ էին ընթանում։ Դրանք, սակայն, մինչ մարտի 16-ը անարդյունք էին. Արցախի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հայտարարել էին, որ ադրբեջանական կողմը հանցավոր դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին հասանելիություն ունենալ գազի խողովակի «վթարի» վայրին։
Մարտի 16-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Հայաստանի կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմը սկսել է Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: