Արցախի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նախագահի հանձնարարականի կատարման արդյունքների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
Հիշեցնելով, որ, սույն թվականի մարտի 12-ից սկսած՝ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը ուսումնասիրություններ է կատարել պարզելու տարածված այն տեղեկությունների իսկությունը, ըստ որոնց, իբր, արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում վերջին օրերին ձևավորված լարվածության շրջանում անվտանգությունից ելնելով որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց ընտանիքները Արցախից տեղափոխել են Հայաստանի Հանրապետություն, Արցախի ԱԱԾ-ն հայտնում է, որ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սույն թվականի մարտ ամսվա սկզբներից առ այսօր բարձրաստիճան որևէ պաշտոնատար անձ անվտանգային նկատառումներից ելնելով ժամանակավոր կամ երկարատև բնակության համար ընտանիքը Հայաստանի Հանրապետություն չի տեղափոխել:
«Պարզվել են բացառիկ մի քանի դեպքեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ընտանիքի անդամներից մեկը ՀՀ էր մեկնել ուսման, մեկ ուրիշը՝ բուժման, մեկ այլ դեպքում աշխատանքային գործուղման նպատակով, սակայն դրանք որևէ առնչություն չեն ունեցել Արցախի շուրջ ձևավորված լարվածության հետ:
Հատկանշական է, որ պաշտոնատար անձանց կողմից ընտանիքները Արցախից հանելու ենթադրյալ դեպքերի մասին հրապարակումների հիման վրա ուսումնասիրություն սկսելու մասին ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը նախապես իրազեկել էր հանրությանը, սակայն նույնիսկ դրանից հետո որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ծառայությանը նման բնույթի տեղեկություններ չեն հաղորդել:
Վերոգրյալի հիման վրա՝ ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ խնդրում և հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է բերել ներքին պառակտման, հանրության շրջանում անհամերաշխության կամ միմյանց նկատմամբ թշնամության կամ ատելության ձևավորման»,-ասված է Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրությունում: