Արցախի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված միջոցառումը Շուշիում կազմակերպելու կապակցությամբ։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․
«Պաշտոնական Բաքուն, իր ոճին համահունչ, շարունակում է ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Արցախի նկատմամբ իր ագրեսիայի արդյունքների օրինականացմանը՝ փորձելով այդ գործընթացում ներգրավել և օգտագործել նաև միջազգային հանրությանն ու տարբեր կառույցների։ Այդ քաղաքականության հերթական դրսևորում է Միավորված ազգերի կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության կազմակերպումը Արցախի օկուպացված Շուշի քաղաքում և միջոցառմանը ՄԱԿ-ի ու նրա կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է նման միջոցառման անցկացումը Շուշիում։
ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությունը Ադրբեջանի ագրեսիայի և հայատյացության գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող բնակավայրում կազմակերպվող միջոցառմանը հակասում է միջազգային այս հեղինակավոր կազմակերպության գործունեության հիմնադրույթներին, գաղափարախոսությանն ու առաքելությանը և, անկասկած, օգտագործվելու է Ադրբեջանի կողմից իր մարդատյաց և ագրեսիվ քաղաքականության լեգիտիմացման նպատակով։ Սա նաև լուրջ հարված է ՄԱԿ-ի հեղինակությանը, ինչը բացասական ազդեցություն կունենա կազմակերպության աշխատանքների արդյունավետության վրա»։
Հայտնել էինք, որ բռնազավթված հայոց բերդաքաղաք Շուշիում Ադրբեջանն այսօր տոնում է ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակը։
Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, երկրում ՄԱԿ-ի մշտական համակարգողը և այլք։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը 2022-ի փետրվարի 18-ին գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բռնազավթած տարածքների» մասին օրենքի նախագիծը, որը սահմանում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները օկուպացված են։