«Անվտանգության հարց է, կորոնավիրուսից մոտ 9000 զոհ ենք ունեցել»․ Փաշինյանն ընդգծել է պատվաստումները պատշաճ շարունակելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Անվտանգության հարց է, կորոնավիրուսից մոտ 9000 զոհ ենք ունեցել»․ Փաշինյանն ընդգծել է պատվաստումները պատշաճ շարունակելու մասին

2022-03-17 19:40 , Политика, 1322

«Անվտանգության հարց է, կորոնավիրուսից մոտ 9000 զոհ ենք ունեցել»․ Փաշինյանն ընդգծել է պատվաստումները պատշաճ շարունակելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստն ամփոփելիս անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և ուշադրություն հրավիրել պատվաստումային գործընթացը շարունակելու կարևորության վրա:

Փաշինյանը, նկատելով, որ արդեն 2-րդ կամ 3-րդ նիստն է, որ վերջին 2 տարվա ընթացքում հիմնականում առանց դիմակների են անցկացնում, ընդգծել է, որ դա կապված է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վիճակի բավական բարվոք լինելու հետ։

Փաշինյանի խոսքով, թեև դեռ 3 շաբաթ առաջ կանխատեսել էին, որ նվազող թվեր ենք ունենալու, այդուամենայնիվ, պատվաստումները պետք է պատշաճ կերպով շարունակվեն։

«Եթե մենք պատվաստման գործընթացը պատշաճ ձևով չկազմակերպենք, իքս պահի ստիպված ենք լինելու վերադառնալ դիմակային և եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք ունենա, ավելի խիստ ռեժիմների: Այնպես, որ իմ կոչը, խնդրանքն է մեզ բոլորիս և հանրությանը, որպեսզի պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն: Պատվաստումների այն մակարդակը, որ այսօր ունենք, գոհացուցիչ չէ: Պետք է հստակ արձանագրել և պետք է ունենանք լիարժեք պատվաստում հանուն մեր հանրային առողջապահության, հանուն տնտեսության, և, ի վերջո, դա անվտանգության հարց է: Մենք կորոնավիրուսից մոտ 9000 զոհ ենք ունեցել, 9000-ի չի հասել թիվը, բայց ամենօրյա մահվան դեպքերը դեռ մեզ մոտ շարունակվում են, և ես ցանկացա մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա»,-եզրափակել է կառավարության ղեկավարը:

Նշենք՝ Հայաստանում առ այսօր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422202 դեպք է արձանագրվել։ Հիվանդացածներից 409047-ը առողջացել է, 8589-ը՝ մահացել։ Հիվանդներից 1642-ն էլ մահացել է այլ հիվանդության պատճառով։

Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ մարտի 13-ի դրությամբ կատարվել է 2 078 121 պատվաստում, որից՝ առաջին դեղաչափ՝ 1100161, երկրորդ դեղաչափ՝ 949463, բուստեր՝ 28497։

Лента

Рекомендуем посмотреть