«ՀՀ կառավարությունը հույս ունի, որ կոկորդիլոսն իրեն վերջում է ուտելու»․ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին - RadioVan.fm

Онлайн

«ՀՀ կառավարությունը հույս ունի, որ կոկորդիլոսն իրեն վերջում է ուտելու»․ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին

2022-03-16 17:55 , Политика, 1467

«ՀՀ կառավարությունը հույս ունի, որ կոկորդիլոսն իրեն վերջում է ուտելու»․ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման մասին

Ի՞նչ ռիսկեր են տեսնում տեղահանված արցախահայերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մեջ, որի ստորագրման գործընթացի մեկնարկը ՀՀ կառավարությունն արդեն տվել է։ «Ռադիո Վան»-ի այս հարցին «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը, որը տեղահանված տասնյակ արցախահայերի հետ միասին բողոքի ակցիայով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, կառավարության, արտգործնախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առջև էր, ասաց․

«ՀՀ կառավարությունը հույս ունի, որ կոկորդիլոսն իրեն վերջում է ուտելու, կոկորդիլոսին կերակրողը միշտ էդպիսի հույս ունի։ Եկել եմ այն եզրակացության, որ այս իշխանությունները մտածում են՝ Արցախը տանք, մինչև հասնեն մեզ, մեր կյանքն էլ կպրծնի»։

Հիշեցնենք՝ մարտի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանրայնացրեց պաշտոնական Երևանին ներկայացրած՝ հարաբերությունների կարգավորման առաջարկները, որոնք 5-ն են՝

1․ միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության և քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

2․ պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն,

3․ ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության սպառնալիքից, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների և ուժի կիրառումից, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության հետ անհամատեղելի այլ դրսևորումներից,

4․ պետական սահմանի սահմանագծում և սահմանազատում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

5․ տրանսպորտի և հաղորդակցության բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն:

«Արմենպրես» լրատվական գործակալությանը մարտի 15-ին տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումն Ադրբեջանի փոխանցած խաղաղության պայմանագրի 5 սկզբունքների վերաբերյալ՝ հաստատելով, որ այդ առաջարկները հենց Երևանին փոխանցված առաջարկներն են։ Միրզոյանը, նշելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների, հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ասել է, որ Բաքվի առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть