Ուկրաինայի հետ բանակցությունները հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման հասնելու որոշակի հույս կա։
Այս մասին ՌԲԿ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի (ՌԴ ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը։
«(Ուկրաինայի) չեզոք կարգավիճակն այժմ, մեծ հաշվով, լրջորեն քննարկվում է, իհարկե, անվտանգության երաշխիքների հետ միասին։ <...> Կան բացարձակապես կոնկրետ ձևակերպումներ, որոնք, իմ կարծիքով, մոտ են համաձայնեցմանը»,-ասել է Լավրովը։
Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է համաձայնության գալ Ուկրաինայում այնպիսի զինատեսակների տեղակայման շուրջ, որոնք չեն սպառնում Ռուսաստանին։
«Մոսկվայի համար վտանգ ներկայացնող զենքերը չպետք է տեղակայվեն հարեւան պետության տարածքում, նույնիսկ եթե Ուկրաինան չանդամակցի ՆԱՏՕ-ին»,-մանրամասնել է Լավրովը՝ նշելով, որ «բանակցությունները հեշտ չեն, բայց փոխզիջման հույս կա» գնահատականը տալիս են նաև ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչները։
Նշենք՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակը Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքման հնարավոր ժամկետ է հայտնել։ Մասնավորապես, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Օլեքսիյ Արեստովիչը նշել է, որ դա կարող է տեղի ունենալ կա՛մ մոտ ապագայում՝ մեկ-երկու շաբաթից, կա՛մ մինչև մայիսի վերջ։