Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի մարզերում կանցկացվեն շուրջ 700 ֆրանկոֆոն մշակութային, բուհական, գիտական և հանրակրթական միջոցառումներ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) հայտնում են, որ, արդեն ավանդույթ դարձած այս տոնակատարությունը, այս տարի ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իր լիիրավ անդամակցության տասնամյա հոբելյանը։
Նշվում է, որ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում՝ ապրիլի 21-ին և 22-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա կանադացի հանրահայտ երգիչ Գառուի համերգը՝ նվիրված Ֆրանկոֆոնիային Հայաստանի անդամակցության տասնամյակին։
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Նշվում է, որ ԱԳՆ-ի կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց կարևոր մասնակցությունն են բերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, թանգարանները, համալսարանները, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցները և գրադարանները:
Երկամսյակի հագեցած ծրագրի ապահովման գործում իր զգալի ներգրավվածությունն ունի նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, որը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Շվեյցարիայի և Կանադայի դեսպանությունների հետ համագործակցաբար կազմակերպում է մի շարք միջոցառումներ: