ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը

2022-03-15 19:30 , Политика, 755

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ջանքերը

Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) պետքարտուղարությունը հայտնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հեռախոսազրույցում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ առկա բոլոր խնդիրների շուրջ համապարփակ լուծումներ գտնելու համար:

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-Հայաստան երկկողմ գործընկերության շարունակական կարևորությունը և ԱՄՆ հանձնառությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային: Նկատի առնելով հայկական և ադրբեջանական ուժերի միջև լարվածության աճի մասին վերջին հաղորդագրությունները՝ պետքարտուղարը կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և ակտիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը՝ առկա բոլոր խնդիրների շուրջ համապարփակ լուծումներ գտնելու համար: Պետքարտուղարը հորդորել է շարունակել ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում։ Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի և այլ գործընկերների՝ Մոսկվային և նրա կողմնակիցներին, այդ թվում՝ Բելառուսում Լուկաշենկոյի ռեժիմին, շարունակաբար պատասխանատվության ենթարկելու հանձնառությունը՝ Ուկրաինայի դեմ Կրեմլի չհրահրված և չարդարացված պատերազմի համար»,-ասված է պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

Նշենք՝ պաշտոնական Երևանի՝ հեռախոսազրույցի մասին տարածած հաղորդագրությունում Բլինքենի կոչի մասին որևէ հիշատակում չկա։ Հաղորդվել է միայն, որ Նիկոլ Փաշինյանը և Էնթոնի Բլինքենն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և լարվածության աճին, կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Միաժամանակ, նշվել է, որ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հնարավորությունների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող երկխոսության շուրջ:

Лента

Рекомендуем посмотреть