ԱՄՆ-ը 306 հազար դեղաչափ Pfizer է նվիրել Հայաստանին - RadioVan.fm

Онлайн

ԱՄՆ-ը 306 հազար դեղաչափ Pfizer է նվիրել Հայաստանին

2022-03-14 15:21 , Политика, 1072

ԱՄՆ-ը 306 հազար դեղաչափ Pfizer է նվիրել Հայաստանին

Մարտի 13-ին Հայաստան է հասել COVID-19-ի «Պֆայզեր» (Pfizer) պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։

Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։

Ընդգծվում է նաև, որ «Պֆայզեր» պատվաստանյութից զատ, ԱՄՆ կառավարությունը COVID-19 համավարակի ազդեցության մեղմացման նպատակով ՀՀ կառավարությանը տրամադրել է ավելի կամ 15 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն, մասնավորապես՝

  • 12 հազար ՊՇՌ թեստ, թեստավորման սարքավորումներ, թեստավորման հետ կապված մեկանգամյա օգտագործման պարագաներ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» համար,
  • թթվածնի խտացուցիչներ, զարկերակային օքսիմետրեր, ռենտգենային և ուլտրաձայնային սարքավորումներ, օդափոխիչներ, ախտորոշիչ և բուժման ընթացքի համար էական այլ սարքավորումներ բուժհաստատությունների համար,
  • անհատական պաշտպանության միջոցներ՝ KN95 տիպի դիմակներ, վիրաբուժական դիմակներ, արտահագուստ, պաշտպանիչ ակնոցներ առաջնային գծի բուժաշխատողների համար,
  • ալկոհոլային ու քլորինային հիմքով ախտահանիչներ ու դիսպենսերներ բուժհաստատությունների համար,
  • ուսուցում և տեխնիկական աջակցություն COVID-19-ին առնչվող աշխատանքներում ընթացակարգերի ձևավորման, կառավարման, լաբորատոր ու կլինիկական հարցերում ներգրավված անձնակազմի համար, աջակցություն COVID-19 համավարակին արձագանքելու հարցում Ֆրանսիայից բժիշկների 7 հոգանոց խմբի այցի կազմակերպմանն աջակցելու նպատակով,
  • աջակցություն ՀՀ կառավարությանը ճգնաժամային հաղորդակցության կազմակերպման, մասնավորապես` համապատասխան նյութերի մշակման, տարածման և հաղորդակցության սարքավորումների ապահովման հարցում,
  • հոգեբանական, պարենային և ոչ-պարենային աջակցություն խոցելի անձանց,
  • COVID-19-ի հետ կապված տեղեկատվության, այդ թվում՝ ապացույցների վրա հիմնված տեղեկությունների տարածում՝ միտված պատվաստումների խթանմանը։

«Ուրախ ենք մեր փոխգործակցության շրջանակում ապահովել COVID-19-ի պատվաստանյութի այս խմբաքանակի նվիրատվությունը Հայաստանին։ Անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը համավարակին վերջ դնելու հարցում խիստ էական է։ Պատվաստված լինելով՝ մենք կրճատում ենք COVID-19-ով վարակվելու և վարակը տարածելու ռիսկը։ Պատվաստված լինելը նաև օգնում է վարակվելու դեպքում խուսափել սուր ընթացքից ու մահվան ելքից»,-ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսիի խոսքերն է փոխանցում ՀՀ առողջապահության նախարարությունը։

Лента

Рекомендуем посмотреть