Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) հետ բանակցությունների մասին և ընդգծել դրանց անհրաժեշտությունը։
UNIAN գործակալության փոխանցմամբ՝ տեսաուղերձում Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունների ներկայացուցիչները ամեն օր շփվում են տեսաֆորմատով։
«Մեր պատվիրակության առջև հստակ խնդիր կա՝ անել ամեն ինչ, որպեսզի նախագահների հանդիպում կայանա, հանդիպում, որը, վստահ եմ, մարդիկ սպասում են։ Պարզ է, որ սա բարդ պատմություն է, դժվար, բայց անհրաժեշտ ճանապարհ։ Եւ մեր նպատակն է ապահովել, որ այս պայքարում, այս բարդ բանակցային աշխատանքի ընթացքում, Ուկրաինան ստանա անհրաժեշտ արդյունքը, որն անհրաժեշտ է խաղաղության և անվտանգության համար։ Որպեսզի մենք ունենանք նորմալ և գործուն երաշխիքներ։ Բուդապեշտի հուշագիրը, ոչ թե ինչպես մեր երկնքում, այլ այնպիսին, որ ուկրաինացիները կարող են ասել՝ սա աշխատում է, սրանք երաշխիքներ են»,- նշել է նա։
Նշենք՝ կիրակի օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև երկխոսությունը կշարունակվի երկուշաբթի օրը՝ տեսակապի միջոցով։
Մարտի 10-ին Անթալյայում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ 1,5 ժամ տևած հանդիպումից հետո կայացած առանձին մամլո ասուլիսում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հավանականության մասին հարցին, ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի խուսափում շփումներից ու Զելենսկու հետ հանդիպումից, սակայն առայժմ պետք է նախապատրաստական աշխատանքներ տարվեն։