Ադրբեջանից, Իրաքից, Սիրիայից, տեղահանվածների հետ տարիներ շարունակ որպես սոցիալական ծառայող աշխատած Տատյանա Դաշյանը 2016, 2020 թվականների 4-օրյա և 44-օրյա պատերազմների հետևանքով Արցախից տեղահանվածների սոցիալական խնդիրների լուծումը ամենաբարդն է համարում: Նկատում է՝ նրանց խնդիրները շատ տարբեր են, նրանք բնիկ արցախցիներ են, վերաբնակեցվածներ են, կրկնակի փախստական դարձածներ են:
«Օգնության խոստումները շատ էին, բայց...մարդիկ հիմա դժվար իրավիճակում են, վերաբնակեցվածների մասով՝ առավել ևս դժվար է, մարդիկ չգիտեն՝ ինչ անեն, վարձը չեն կարողանում վճարել»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց տիկին Դաշյանը, ով հանդիսանում է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ) տեղահանված անձանց սոցիալական ծառայություններ մատուցող թիմի պատասխանատուն:
«Եթե Հայաստան եկած սիրիահայերի դեպքում նրանց տրվեց փախստականի կարգավիճակ, արցախահայերի դեպքում այդ կարգավիճակը չի տրվում: Մարդիկ, կարծես, ՀՀ քաղաքացի են միայն այն ժամանակ, երբ կա նրանց կարիքը ինչ-ինչ հարցերում»,-նկատեց ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Տատյանա Դաշյանը:
Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Արաբկիր և Քանաքեռ Զեյթունի տարածքային կենտրոնի (ՏԿ) ավագ սոցաշխատող Կարինե Սարգսյանը փաստեց՝ արցախահայերի սոցիալականացումը, սիրիահայերի համեմատ, դժվար է ստացվում։
«Արցախահայերը առավել են պարտավորեցնում մեզ, ոնց որ չվստահեն, չհավատան մեզ»,-նշեց մոտ 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետը՝ վստահեցնելով, որ, թե՛ իր ներկայացրած կառույցը, թե՛ կառավարությունը անում է հնարավորը:
Զրուցակիցներիս գնահատմամբ՝ Հայաստանում ապաստանած սիրիահայերը առավել նախաձեռնող են, բիզնես մտածողություն ունեն, ինչը առկա չէ վերաբնակեցվածների դեպքում: Տատյանա Դաշյանը նկատել է՝ հադրութցիները, շուշեցիները ավելի նախաձեռնող են, իսկ վերաբնակեցվածներն ավելի պասիվ են:
Ճակատագրի, ռազմաքաղաքական իրադրությունների բերում տարբեր երկրներից Հայաստան տեղափոխված հայերի առանձնահատկությունների, նրանց խնդիրների մասին մասնագետների հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան