«Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների»,-ընդգծված է Արցախի անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ այսօր տարածած հաղորդագրությունում։
Նշվում է՝ իրականությանը չի համապատասխանում ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե Ռուսաստանի խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Արցախից՝ Ուկրաինա տեղափոխելու նպատակով։
Արցախի անվտանգության խորհուրդը հորդորում է բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։
«Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»,-ասված է Արցախի ԱԽ-ի տարածած հաղորդագրությունում։
Ինչ վերաբերում է վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում Արցախի Պաշտպանության բանակի նկատմամբ հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքին՝ Անվտանգության խորհրդից շեշտում են, որ սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով համագործակցում են Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ, ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։