«Պետք է ամեն ինչ անել, որ հարուստ բովանդակությամբ ընթանա»․ Փաշինյանը՝ ապրիլին ՌԴ այցի մասին - RadioVan.fm

Онлайн

«Պետք է ամեն ինչ անել, որ հարուստ բովանդակությամբ ընթանա»․ Փաշինյանը՝ ապրիլին ՌԴ այցի մասին

2022-03-10 15:52 , Политика, 1088

«Պետք է ամեն ինչ անել, որ հարուստ բովանդակությամբ ընթանա»․ Փաշինյանը՝ ապրիլին ՌԴ այցի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնել է, որ ապրիլին նախատեսված է իր այցը Ռուսաստանի Դաշնություն։

«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ ացը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա»,-ընդգծել է Փաշինյանը՝ նշելով, որ հիմա այդ այցի նախապատրաստական փուլում են։

Անդրադառնալով մարտի 8-9-ը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Գիշերը մեր պատվիրակությունը վերադարձել է Ֆրանսիայի մայրաքաղաքից, որտեղ մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Կարծում եմ՝ հիմա մենք, նաև պետք է այդ համաժողովն օգտագործելով, նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի և Հայաստանի տնտեսական համագործակցությանը, և ոչ միայն: Մեր պատվիրակության կազմում էին նաև Առողջապահության նախարարը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, Արտաքին գործերի նախարարը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի երկու տեղակալները: Նկատի ունեմ՝ մենք բազմաշերտ օրակարգ ենք ունեցել, և մեզ համար կարևոր է կենտրոնանալ այդ օրակարգի իրականացման վրա: Տնտեսական կապերը նաև ակտիվացնելու ուղղությամբ աշխատենք»:

Վարչապետը նշել է, որ այցի ընթացքում բացի Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններից, քննարկվել են հարցերի լայն շրջանակ:

«Նաև այստեղ կարևոր է ընդգծել Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ես առիթ ունեցա նաև ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, քննարկվեցին նաև Եվրամություն-Հայաստան համագործակցության հարցերը:

Մենք քննարկեցինք, թե ինչպես առավել արդյունավետ շարունակենք մեր համատեղ ծրագրերի իրականացումը: Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, այցը բավականի հաջող էր, և պիտի աշխատենք դրա օրակարգի իրականացման և կյանքի կոչման ուղղությամբ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть